ՈՒԵՖԱ-ն հաստատել է «Բարսելոնայի» և «Միլանի» հանդիպումները Եվրոպայի սահմաններից դուրս անցկացնելու հայտը։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հիշեցնենք, որ Լա Լիգան նախկինում ՈՒԵՖԱ-ից թույլտվություն էր խնդրել «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև Լա Լիգայի 17-րդ տուրի խաղը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացնելու համար, մինչդեռ Ա Սերիան հայտ էր ներկայացրել՝ «Կոմոյի» և «Միլանի» միջև 16-րդ տուրի խաղը Ավստրալիայի Պերտ քաղաքում անցկացնելու համար։
Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն բացառություն է տվել այս խաղերը արտասահմանում անցկացնելու համար։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը շարունակում է համոզված լինել, որ ազգային առաջնության խաղերը պետք է անցկացվեն երկրների ներսում։
Նշենք, որ «Վիլյառեալ» – «Բարսելոնա» և «Կոմո» – «Միլան» խաղերը նախատեսված են դեկտեմբերի 21-ին։