🎥 Էդուարդ Սպերցյանը խոսել է սկանդալային միջադեպի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեսաուղերձով արձագանքել է «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսմանե Նդոնգի հետ կապված սկանդալային միջադեպին։

«Բարի երեկո բոլորին։ Ցանկանում եմ անդրադառնալ երեկվա դեպքին, որը, իմ կարծիքով, արդեն անցել է ողջախոհության սահմանները։ Իմ հասցեին հնչող մեղադրանքները լիովին անհիմն են և անընդունելի։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ ճշմարտությունը ցանկացած եղանակով՝ լինի դա տեսախցիկների կադրերի ուսումնասիրություն, շուրթերի ընթերցում կամ նույնիսկ պոլիգրաֆ։ Ես վստահ եմ իմ խոսքերի մեջ և գիտեմ, որ նման բան չեմ ասել։

Ես մեծացել եմ Կովկասում և գիտեմ արժեքները։ Նման արտահայտություն ինձ երբեք թույլ չէի տա։ Ունեմ բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից, որոնց հետ մշտապես շփվում եմ։ Այն, ինչ այժմ կատարվում է, պարզապես ծիծաղելի է և հիշեցնում է կրկես։ Հստակ հայտարարում եմ՝ ես կանգնած եմ իմ խոսքերի կողքին և պատրաստ եմ դրանք պաշտպանել ցանկացած ձևով»,– նշել է Սպերցյանը Telegram-ում հրապարակած տեսաուղերձում։