Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահեցրել է, որ թիմում առողջական խնդիրներ այլևս չկան՝ չնայած վերջին օրերին ի հայտ եկած վիրուսային վարակի դեպքերին։ Ինչպես հաղորդում է A Bola-ն, պորտուգալացին նշել է, որ թե՛ ինքն, թե՛ իր շտաբի անդամները և ֆուտբոլիստները լիովին պատրաստ են «Պորտուի» դեմ խաղին։
«Բոլորս էլ առողջ ենք, բոլորը մարզվել են, ոչ ոք սահմանափակումների տակ չէ՝ ո՛չ ճանապարհորդելու, ո՛չ էլ խաղալու հարցում։ Խաղի հետաձգման մասին մտքեր ընդհանրապես չեն եղել։ Ամեն ինչ սկսվեց Լոնդոնում մեկ ֆուտբոլիստից, ով, իմ կարծիքով, մեղավորն է [ծիծաղում է]։ Նրա անունը չեմ ասի, բայց կատակում եմ դրա շուրջ։ Ես երկրորդն էի, հետո մի քանիսը ևս վարակվեցին», – ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ «Պորտու» – «Բենֆիկա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 5-ին։