Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ կապ է հաստատել թիմի ավագ և կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ՝ ի պատասխան մամուլում տարածված տեղեկությունների, ըստ որոնց ուրուգվայցին հրաժարվել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ղազախական «Կայրաթի» դեմ (5:0) հանդիպմանը հանդես գալ աջ պաշտպանի դիրքում, հայտնում է Sport.es-ը։
Ակումբին մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ Պերեսը զրույցի ընթացքում վստահեցրել է Վալվերդեին իր լիակատար աջակցությունը՝ շեշտելով, որ ինչպես ղեկավարությունը, այնպես էլ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն լիովին վստահում են նրան։ Նախագահը նաև հորդորել է կիսապաշտպանին ուշադրություն չդարձնել մամուլի այն հրապարակումներին, որոնք կարող են վնասել նրա հեղինակությանը։
Զրույցից հետո Վալվերդեն հուզվել է և արցունքներով շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարին։ Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի բոլոր հանդիպումներին՝ կատարելով երեք գոլային փոխանցում, ինչպես նաև մեկ խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայում։