Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տրանսֆերով, տեղեկացնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն արդեն հանդիպել է 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի հետ՝ քննարկելու նրա ապագան։ «Միլանը» նախատեսում է փորձել ձեռք բերել Լևանդովսկուն ազատ գործակալի կարգավիճակով, երբ նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվի 2026 թվականի ամռանը։

Չնայած դրան՝ Լևանդովսկին իրեն հարմարավետ է զգում Իսպանիայում և նույնիսկ պատրաստ է նվազեցնել աշխատավարձը, որպեսզի շարունակի խաղալ կատալոնական ակումբում։ Սակայն «Բարսելոնան» առայժմ նոր պայմանագիր չի առաջարկել հարձակվողին։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 7 խաղի և խփել 4 գոլ։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 12 միլիոն եվրո։