«Վալենսիան» դատի է տվել Վինիսիուս Ժունիորի մասին ֆիլմ նկարահանած ընկերությանը

Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը դատարան է դիմել Netflix-ի և Conspiracao Filmes-ի դեմ՝ կապված բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին նկարահանված փաստագրական ֆիլմի հետ, գրում է AS-ը։

Մայիսի 15-ին թողարկված Dance, Vini ֆիլմը պատմում է «Ռեալի» ֆուտբոլիստի կարիերայի վերելքների ու փորձությունների մասին։ Գլխավոր թեմաներից մեկը Վինիսիուսի պայքարն է Իսպանիայում տարածված ռասիզմի դեմ։ Ֆիլմում առանձնահատուկ տեղ է տրված նաև 2023 թվականին կայացած «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը, որի ընթացքում բրազիլացին ենթարկվել էր մրցակցի երկրպագուների վիրավորանքներին։

«Վալենսիայի» հայտարարությամբ՝ ֆիլմում ներկայացված դրվագները վնասում են ակումբի հեղինակությունը։ Այդ պատճառով էլ ակումբը դիմել է քաղաքի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցում երկու ընկերություններից։

Նախքան դատական հայցը, «Վալենսիան» գրավոր կերպով դիմել էր Netflix-ին՝ պահանջելով ֆիլմում որոշ ճշգրտումներ կատարել, սակայն արձագանք չստանալով՝ ընտրել է իրավական ճանապարհը։