«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է Չավիի հեռացման և Հանսի Ֆլիկի նշանակման պատճառները։
«Չավին անչափ կարևոր դեր ունեցավ ակումբում։ Նա բերեց կայունություն, բայց մեզ անհրաժեշտ էր այլ որակներով մարզիչ։ Կարծում եմ՝ Հանսին այդ առումով կատարյալ համապատասխանում է թիմին։ Ամեն ինչ շատ լավ ստացվեց։
Ֆլիկը ժամանակակից մարզիչ է․ երկար ժամանակ աշխատել է Գերմանիայի հավաքականում, այնուհետև մեծ հաջողությունների հասել «Բավարիայում»։ Նրա թիմը հիացնում էր հարձակվողական խաղով, ինչը մոտ է «Բարսայի» գաղափարախոսությանը։ Մեր նպատակը միշտ եղել է խաղը վերահսկելը։ Հանսին կարողացավ առավելագույնս բացահայտել ֆուտբոլիստների ներուժը, և դա դարձավ հաջողության բանալին», – ասել է Դեկուն Mundo Deportivo-ին։
Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորում է 2024-ի հուլիսից։ Նրա գլխավորությամբ կատալոնացիները անցկացրել են 65 հանդիպում՝ տոնելով 48 հաղթանակ, գրանցելով 8 ոչ-ոքի և կրել 9 պարտություն։ Գերմանացի մասնագետի օրոք «Բարսան» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր։