«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Հիլալի» 28-ամյա կիսապաշտպան Ռուբեն Նևեշի նկատմամբ։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը բարձր է գնահատում ֆուտբոլիստի կարողությունները, ըստ Caught Offside-ի։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը կարող է այս ձմռանը Նևեշին վաճառել եվրոպական թիմերից մեկին 20 միլիոն եվրոյով։
Նևեշը այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Կիսապաշտպանը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում։