Անտոնիո Կոնտեն այլևս այնքան կապված չէ իր մարտավարական սկզբունքներին, որքան նախկինում էր

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն փոխել է իր մոտեցումը Իտալիա վերադառնալուց հետո։ Նա անցյալ ամռանը գլխավորել է նեապոլիտանական թիմը։ Իր առաջին մրցաշրջանում թիմը հաղթեց Սերիա Ա-ում։

Կոնտեն խոստովանել է, որ այլևս այնքան կապված չէ իր մարտավարական սկզբունքներին, որքան նախկինում էր։

«Ես փորձում եմ ընդլայնել իմ ֆուտբոլային գիտելիքները «Նապոլիում». դա ինձ հաճույք է պատճառում։ Մենք՝ մարզիչներս, պետք է խաղադաշտում տեղ գտնենք այն խաղացողների համար, որոնց լավագույնն ենք համարում, այլ ոչ թե զոհաբերենք տաղանդը համակարգի կամ մեր սեփական գաղափարների հետ կապվածության պատճառով։

Ես դա հասկացա անցյալ տարի, երբ ժամանեցի «Նապոլի»։ Նախկինում ես միշտ հույսս դնում էի այն դասավորությունների վրա, որոնք անցյալում ինձ հաջողություն էին բերել», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։ «Նապոլին» Չեմպիոնների լիգայում հինգշաբթի օրը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։