«Բարսելոնայի» ինստիտուցիոնալ զարգացման փոխնախագահ Ելենա Ֆորտը նշել է, որ հնարավոր է, որ թիմը «Խետաֆեին» ընդունի վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում։
«Մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ այս բյուրոկրատական խնդիրը կլուծվի, առաջին փուլի աշխատանքներն ավարտված են։
Մենք հույս ունենք թույլտվություն ստանալ, բայց չեմ կարող վստահաբար ասել, որ «Խետաֆեի» դեմ խաղը կանցկացնենք «Կամպ Նոուում»։ Մենք կփորձենք հնարավորինս շուտ հասնել, և երբ վստահություն ունենանք, քայլ առ քայլ կշարժվենք։ Աշխատում ենք Չեմպիոնների Լիգան «Կամպ Նոուում» հոկտեմբերի 1-ին սկսելու ուղղությամբ», – Ֆորտի խոսքերը մեջբերել է Radio Catalonia-ն։
Լա Լիգայի վեցերորդ տուրի «Բարսելոնա» – «Խետաֆե» խաղը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։ «Բարսելոնան» չորրորդ տուրի խաղը «Վալենսիայի» դեմ կանցկացնի «Էստադի Յոհան Կրոյֆ» մարզադաշտում, որը տեղավորում է 6000 հանդիսատես։
Հունիսի 25-ին «Բլաուգրանան» հայտարարեց «Կամպ Նոու» վերադառնալու մասին։ Թիմը վերջին երկու մրցաշրջաններում խաղացել է Լուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտում։