Լիոնել Մեսսիի հերթական նվաճումը Արգենտինայի հավաքականում

Լիոնել Մեսսին առաջին անգամ դարձավ Հարավային Ամերիկայի աշխարհի առաջնության որակավորման փուլի լավագույն ռմբարկուն։

38-ամյա արգենտինացի հարձակվողը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում խփեց 8 գոլ։

8 գոլը մեկ մրցաշարում խփած գոլերի ամենացածր ցուցանիշն է 1996 թվականից ի վեր։ Նախորդ երկու հարավամերիկյան որակավորման փուլերի լավագույն ռմբարկուները խփել են 10-ական գոլ։

Ընթացիկ որակավորման փուլում Մեսսիին հաջորդում են Լուիս Դիասը (Կոլումբիա) և Միգել Տերսերոսը (Բոլիվիա), որոնք խփել են 7-ական գոլ։

Սալոմոն Ռոնդոնը (Վենեսուելա) և Էններ Վալենսիան (Էկվադոր) խփել են 6 գոլ։ Դարվին Նունյեսը (Ուրուգվայ) և Ռաֆինյան (Բրազիլիա) խփել են 5-ական գոլ։ Խուլիան Ալվարեսը, Լաուտարո Մարտինեսը (երկուսն էլ՝ Արգենտինա), Անտոնիո Սանաբրիան (Պարագվայ) և Լուիս Սուարես Չարիզը (Կոլումբիա) խփել են չորսական գոլ։