Խաումե Դոմենեկը, ով երկար տարիներ խաղացել է «Վալենսիայում» և եղել է ակումբի ավագը, հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Նախկին դարպասապահը որպես պատճառ նշել է ընտանեկան իրավիճակը՝ դստեր հիվանդությունը պահանջում է հայրական ուշադրություն։
«Ես որոշեցի, որ ժամանակն է դադարեցնել։ Սա դժվար որոշում է, բայց կան բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Մենք կարող ենք միայն փորձել հարմարվել դրանց», – գրել է Դոմենեկը սոցիալական ցանցերում։
«Վալենսիայի» կազմում դարպասապահը 2019 թվականին նվաճել է Իսպանիայի գավաթը։ Նա «չղջիկների» կազմում խաղացել է տասը տարի՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 122 խաղի։ Սակայն նրա վերջին տարիները մթագնվել են ծնկի լուրջ վնասվածքով։