«Ռեալ Մադրիդը» չի երկարաձգի թիմի պաշտպաններից երկուսի պայմանագրերը

«Ռեալ Մադրիդը» պատրաստվում է փոխել իր պաշտպանական գիծը։ Defensa Central-ի փոխանցմամբ՝ հղում անելով AS-ին, մադրիդյան ակումբը մտադիր չէ երկարաձգել Դավիդ Ալաբայի և Անտոնիո Ռյուդիգերի գործող պայմանագրերը։

33-ամյա Ալաբան և 32-ամյա Ռյուդիգերը պայմանագրով կապված են «Ռեալի» հետ մինչև 2026 թվականի կեսերը, սակայն հաջորդ ամռանը նրանք կարող են հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ «արքայական ակումբի» ուշադրության կենտրոնում է «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն։ Նրա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ինչը հնարավորություն է տալիս «Ռեալին» ձեռք բերել ֆուտբոլիստին առանց տրանսֆերային վճարի։