Եղիշե Մելիքյան․ «Մրցակիցը ուժեղ էր, նրանք փորձ ունեին»

Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ և պարտվեց 5-0 հաշվով։

Հանդիպումից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հանդիպման մասին․

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մարզադաշտում գտնվող բոլոր երկրպագուներից։ Դուք հավատում եք մեզ, ես սա կփոխանցեմ իմ ֆուտբոլիստներին, որպեսզի հաջորդ խաղերում ավելի ուժեղ լինենք և փորձենք հաջողության հասնել։ Մրցակիցը ուժեղ էր, նրանք փորձ ունեին, կարողանում էին արագ դուրս գալ պաշտպանությունից հարձակում։ Մենք պլան ունեինք, բայց շատ դժվար էր այսպիսի կարճ ժամանակում այդ պլանը իրագործել։ Ներողություն եմ խնդրում այսպիսի արդյունքի համար, հաճելի չէ պարտվել 5-0 հաշվով։

Երբ թիմը պարտվում է 5-0 հաշվով, դա նշանակում է, որ բոլորս սխալվել ենք, բայց ամենամեծ սխալը ես եմ թույլ տվել։ Մեզ ժամանակ է պետք, մենք կարող ենք մեծ հաջողություններ գրանցել ապագայում և ուրախեցնել ամբողջ հայ ազգին։ Հիմա պետք է կենտրոնանանք Իռլանդիայի հավաքականի դեմ սպասվող հանդիպման վրա», – նշել է Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։