Մայքլ Օուեն․ «Ես մինչ օրս չեմ հասկանում նրա որոշումը»

Լեգենդար անգլիացի հարձակվող Մայքլ Օուենը խոսել է «Բավարիայի» ֆուտբոլիստ Հարի Քեյնի ընտրության մասին։

«Թոթենհեմի» նախկին աստղը Գերմանիայում արդեն անցկացնում է իր երրորդ մրցաշրջանը․ տեղափոխությունը կայացավ 2023-ի ամռանը։

«Քեյնը ֆանտաստիկ խաղացող է, հրաշալի է եզրափակում գրոհները, բայց ես մինչ օրս չեմ հասկանում նրա որոշումը։ Նա շատ մոտ էր դառնալու Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։ Նրա երեխաներն արդեն դպրոց էին գնում, և հանկարծ նա որոշեց տեղափոխվել Գերմանիա։

Նույն հաջողությամբ նա կարող էր միանալ «Սելթիկին» և ամեն տարի դառնալ չեմպիոն։ Բայց այդտեղ ոչ մի բացառիկ բան չկա։ Իրական բացառիկ ձեռքբերում կլիներ Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալը։

Այնուամենայնիվ, ես շարունակում եմ երկրպագել Հարիին և հիանալ նրա խաղով», – ասել է Օուենը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում։