Ջանլուիջի Դոննարումա. «Ես հպարտ եմ, որ տեղափոխվեցի «Մանչեսթեր Սիթի»»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման պատմել է, որ թիմին միանալու իր ցանկության պատճառներից մեկը գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան էր։

«Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 2-ին հայտարարեց 26-ամյա իտալացու ՊՍԺ-ից տեղափոխության մասին։ Իտալացին պայմանագիր է կնքել հինգ տարով՝ մինչև 2030 թվականը։

«Վերջին օրերին ես անհանգստանում էի իմ իրավիճակի համար, բայց շարունակել եմ լավ մարզվել։ Անկեղծ ասած, անհամբեր սպասում էի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, քանի որ նրանք իսկապես ուզում էին ինձ, Գվարդիոլան ուզում էր ինձ։

Ես կարող եմ միայն հպարտանալ, որ միացել եմ նման ակումբի։ Ես շատ ուրախ եմ», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Դոննարումման ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Իտալացին անցկացրել է 161 հանդիպում, բաց է թողել 156 գոլ և 56 անգամ անառիկ պահել դարպասը։ Փարիզցիների կազմում դարպասապահը դարձել է Ֆրանսիայի չորսակի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը և երեք անգամ՝ Սուպերգավաթը։ Անցյալ մրցաշրջանում թիմը նվաճել է Չեմպիոնների Լիգան։