Ժոզե Մոուրինյո․ «Եթե Չեմպիոնների Լիգան առաջնային լիներ, ինձ անհրաժեշտ տրանսֆերներ կտրամադրվեին»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն ավարտել է իր աշխատանքը «Ֆեներբահչեում»՝ ընդամենը մեկ տարի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Թուրքական ակումբը օգոստոսի 29-ին պաշտոնապես հայտարարեց պայմանագրի խզման մասին։

Մոուրինյուի հեռացման հիմնական պատճառը կապվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Բենֆիկայից» կրած պարտության հետ, ինչի հետևանքով թիմը զրկվեց գլխավոր մրցաշարի փուլ դուրս գալու հնարավորությունից։

Ըստ Spor Arena-ի տեղեկությունների՝ պորտուգալացի մարզչի և ակումբի ղեկավարության հարաբերությունները վերջին ամիսներին լարված էին։ Մոուրինյուին մեղադրում էին թուրք ֆուտբոլիստների՝ Իսմայիլ Յուքսեքի և Ջան Կահվեջիի նկատմամբ անհավասար վերաբերմունքի մեջ, քանի որ նրանք հաճախ չէին հայտնվում մեկնարկային կազմում։

Բացի արդյունքներից դժգոհ լինելուց, իրավիճակը սրվեց նաև մարզչի հայտարարություններից։ «Բենֆիկայի» դեմ հանդիպումից առաջ Մոուրինյուն նշել էր․

«Եթե Չեմպիոնների լիգան իսկապես առաջնահերթություն լիներ ակումբի համար, ինձ անհրաժեշտ տրանսֆերներ կտրամադրվեին»։

Ավելին, ակումբի փոխնախագահ Համդի Աքինի վերաբերյալ նրա սառը արտահայտությունը՝ «Ես նրան չեմ ճանաչում», վերջնականապես խզեց հարաբերությունները ղեկավարության հետ։