«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն տեղափոխվում է «Չելսի», այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության են եկել։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները համաձայնության են եկել մոտ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ տրանսֆերի շուրջ (մի փոքր ավելի քան 46 միլիոն եվրո)։
Նշվում է, որ Գարնաչոն է նախաձեռնել լոնդոնյան ակումբ տեղափոխվելը, քանի որ նա մերժել է մյուս բոլոր առաջարկները։ Արգենտինացի ֆուտբոլիստը յոթ տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։
Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որտեղ նա տեղափոխվել է 16 տարեկանում «Ատլետիկոյից»։ «Կարմիր սատանաների» առաջին թիմում իր կարիերայի ընթացքում հարձակվողը մասնակցել է 144 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։