«Ռեալի» ղեկավարությունը որոշել է պատժել Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորից։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, պատճառը նրա ցուցադրած ժեստն է Լա Լիգայի երկրորդ տուրի «Օվիեդոյի» դեմ խաղում (0:3)։

Գոլի հեղինակ դառնալուց հետո Վինիսիուսը մատներով երկու թիվ ցույց տվեց մրցակցի տրիբունաների ուղղությամբ։ Շատերը դա ընկալեցին որպես ակնարկ այն փաստի, որ «Օվիեդոն» 24 տարի չէր մասնակցել Լա Լիգային։ Անցյալ մրցաշրջանում թիմը հանդես էր գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ Վինիսիուսը նման վարքագծով վնասում է «Ռեալի» համբավին։ Հարձակվողի նկատմամբ հնարավոր է կիրառվեն կարգապահական պատժամիջոցներ։

Լա Լիգայի երկու տուրից հետո «սերուցքայինները» վեց միավորով զբաղեցնում են երրորդ տեղը։