Հայտնի է՝ որ ակումբ կարող է տեղափոխվել Ալեքսանդր Զինչենկոն

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է շարունակել իր կարիերան «Պորտուում», սոցիալական ցանցերում հաղորդում է TEAMtalk-ի լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վիշապները» ձգտում են ուժեղացնել թիմը ձախ պաշտպանի դիրքում։ 28-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը «Պորտուի» հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն է։

Այնուամենայնիվ, աղբյուրի փոխանցմամբ՝ Զինչենկոյի «Պորտու» հնարավոր տեղափոխության գործարքը բարդանում է խաղացողի ֆինանսական պահանջներով։ Պնդվում է, որ Ալեքսանդրը ցանկանում է տարեկան ստանալ մոտ 6.5 միլիոն եվրո։ Այդ պատճառով պորտուգալացիները նաև դիտարկում են այս դիրքի համար այլ խաղացողների։

Հիշեցնենք, որ Զինչենկոն չի ընդգրկվել «Արսենալի» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկու մեկնարկային խաղերից ոչ մեկի հայտացուցակում։