«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում, հաղորդում են Armenie Football-ի լրագրողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա կիսապաշտպանը գրավել է «Ատլետիկո Մադրիդի» ուշադրությունը։ «Ատլետիկոն» կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ և նախնական բանակցություններ են վարել։
«Կրասնոդարը» դեռևս իսպանական կողմից որևէ առաջարկ չի ստացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ցուլերը» չեն ցանկանում վաճառել Էդուարդին անգլիական «Սաութհեմփթոնին»։
Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ լրանում է հաջորդ տարվա կեսերին։