Մարկ Կասադոն կարիերան Իսպանիայում շարունակելու այլ տարբերակ ունի

21-ամյա իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյի շուրջ կարող է զարգանալ տրանսֆերային ինտրիգ։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ «Բետիսը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ծառայություններով։

«Բարսան» պատրաստ է քննարկել Կասադոյի վաճառքը միայն այն դեպքում, եթե ստանա նվազագույնը 30 միլիոն եվրոյի առաջարկ։ Նույնքան էլ գնահատում է նրա շուկայական արժեքը Transfermarkt-ը։

Պաշտպանական կիսապաշտպանը «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Անցած մրցաշրջանում Կասադոն Լա լիգայում մասնակցել է 23 խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։