Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն անդրադարձել է ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆի՝ Լյուբլյանայի «Օլիմպիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպմանը։ Մասնագետը նաև խոսել է «Լինկոլն Ռեդ Իմպսին» պարտվելու մասին։
««Լինկոլնի հետ երկու խաղերը պարզապես անհաջողություններ էին, իսկ մենք ցանկանում ենք ցուցադրել, որ լավագույնն ենք ու արժանի ենք լինել եվրոպական այս ասպարեզում։
«Օլիմպիայի» դեմ կայանալիք առաջին խաղում կխնդրեմ իմ ֆուտբոլիստներին, ինչպես միշտ, լինել մոտիվացված ու կենտրոնացած։ Հասկանան, թե ինչ ենք մենք ցանկանում անել խաղադաշտում։ Կխնդրեմ, որ նրանք լինեն խիզախ, ստեղծարար և խաղան ֆուտբոլը լավագույն ձևով։
«Նոայում» իմ առաջին օրվանից մինչև վերջին օրը՝ բոլոր հանդիպումներում, անկախ այն բանից, թե որտեղ ենք խաղալու և ում դեմ, հանդես ենք գալու միայն հաղթանակի համար։ Վստահ եմ, որ դիմակայության ելքը կվճռվի Աբովյանում»,– ասել է Սանդրո Պերկովիչը։