Նոր տեղեկություն Իբրահիմա Կոնատեի ապագայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» չի հրաժարվում «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեին ձեռք բերելու մտքից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Նախկինում ենթադրվում էր, որ «Լոս Բլանկոսը» կսպասի մինչև հաջորդ տարի և ձեռք կբերի ֆրանսիացուն որպես ազատ գործակալ՝ «Լիվերպուլի» հետ նրա պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։ Defensa Central-ի տվյալներով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է այս ամիս վճարել 25 միլիոն եվրո՝ 26-ամյա խաղացողին ձեռք բերելու համար։

Համաձայնությունը դեռ շատ հեռու է. «Լիվերպուլը» պահանջում է 40 միլիոն եվրո։ Հայտնի Transfermarkt կայքի փորձագետները Իբրահիմա Կոնատեի արժեքը գնահատում են 60 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «մերսիսայդցիների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 134 խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։