CONFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց «Սպարտա Պրահային»

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում պարտվեց «Սպարտա Պրահային» 1-2 հաշվով (ընդհանուր հաշիվը 2-6):

Ավանի ակադեմիայում կայացած հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը։ Ութ րոպե անց «Արարատ-Արմենիայի» կոլումբացի կիսապաշտպան Ժուան Բալանտան դիպուկ իրացրեց նշանակված 11-մետրանոցը՝ վերականգնելով հավասարությունը։ Բալանտան գոլի հեղինակ էր դարձել նաև Պրահայում, որտեղ Հայաստանի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով։

87-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը ստացավ կարմիր քարտ։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին չեխական թիմը խփեց հաղթական գոլը՝ հաշիվը դարձնելով 2-1։