Իտալական «Ինտերը» շարունակում է առաջ տանել նիգերիացի վինգեր Ադեմոլա Լուկմանի տրանսֆերը և պատրաստվում է նոր առաջարկ ներկայացնել։ Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն պահպանել է կապը խաղացողի գործակալների հետ և սպասում է «կանաչ լույսի», որպեսզի ակտիվացնի գործընթացը։
Հաղորդվում է, որ Լուկմանն արդեն հայտնել է իր ցանկությունը լքել «Ատալանտան» և չի մասնակցում թիմի մարզումներին՝ առանց բժշկական հիմնավորման։ Այնուամենայնիվ, բերգամյան ակումբը առայժմ խուսափում է պատժամիջոցներից։
Տրանսֆերային բանակցությունները տեղափոխվել են վճռորոշ փուլ։ Լուկմանի գործակալները Իտալիայում հանդիպում են «Ատալանտայի» ղեկավարության՝ Պերկասի ընտանիքի հետ, և քննարկում են խաղացողի արժեքը։ Ակումբը նախապես մերժել էր «Ինտերի»՝ 42 միլիոն եվրո և բոնուսներ պարունակող առաջարկը։
Այժմ «Ինտերը» պատրաստ է բարձրացնել բազային գումարը մինչև 45–46 միլիոն եվրո՝ մոտենալով «Ատալանտայի» գնահատած 50 միլիոն եվրոյին։ Միևնույն ժամանակ, միլանյան ակումբը գործընթացին տվել է մոտ տասնօրյա ժամկետ՝ արդյունք ստանալու համար։
Բերգամոյցիները չեն պատրաստվում բաց թողնել Լուկմանին, մինչև չգտնեն համարժեք փոխարինող՝ հատկապես Ջան Պիերո Գասպերինիի և Մատեո Ռետեգայի բացակայությունից հետո։ Բանակցությունները կարող են շարունակվել, սակայն աղբյուրները վստահ են՝ փոխզիջման դեպքում գործարքը իրատեսական է։