Դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը կարող է վերադառնալ Սերիա Ա։ Ինչպես հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի վարձակալությամբ՝ ներառյալ հետագա տրանսֆերի գնման իրավունք։
Եթե «ռոսոներիները» չկարողանան իրականացնել Հոյլունի տրանսֆերը, ակումբը կդիտարկի այլ տարբերակներ՝ մասնավորապես Դուշան Վլահովիչը (Յուվենտուս), Բրել Էմբոլոն (Մոնակո) և Առնո Կալիմուենդոն (Ռեն)։
«Միլանի» հետաքրքրությունների շրջանակում ավելի վաղ հայտնվել էր նաև «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը, սակայն հաղորդվում է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբին միանալուն։
Հիշեցնենք, որ Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 95 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Դանիացին մինչ մանկունիական ակումբ տեղափոխվելը հանդես է եկել իտալական «Ատալանտայում», որն իր հերթին նրան վաճառել է 77,8 միլիոն եվրոյի դիմաց։