Ռաֆինյան անդրադարձել է Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերին

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան մեկնաբանել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի կատալոնական ակումբ տեղափոխությունը։ Ռաֆինյայի խոսքով՝ նոր ֆուտբոլիստի ժամանումը կմեծացնի մրցակցությունը։

«Երբ խաղում ես այս մարզաշապիկով, այս ակումբում, պետք է պատրաստ լինես գոյություն ունեցող ողջ մրցակցությանը։ Իմ կարծիքով, որքան շատ մրցակցություն ունենանք, այնքան լավ։ Սա նշանակում է, որ մեկը մյուսին օգնում է առաջընթաց գրանցել, և սա ամենակարևորն է, եթե մենք ուզում ենք տիտղոսներ նվաճել», – 28-ամյա բրազիլացու խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Հուլիսի 23-ին «Բարսելոնան» հայտարարեց 27-ամյա անգլիացու «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալության տրամադրման մասին։ Պայմանագիրը նախատեսված է 2025/26 մրցաշրջանի համար և կավարտվի 2026 թվականի հունիսի 30-ին։ Պայմանագրում կա նաև գնման հնարավորություն։