«Լիվերպուլի» սեփականատերերը պատրաստվում են գնել Լա Լիգայի ակումբը

«Լիվերպուլի» սեփականատեր ընկերությունը պլանավորում է գնել Իսպանիայի առաջնության ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ սպորտում ներդրումներ կատարող ամերիկյան Fenway Sports Group ընկերությունը որոշել է գնել իսպանական «Խետաֆեն»։ Ղեկավարությանը գրավում է այն փաստը, որ ակումբը Լա Լիգայի կայուն մասնակից է։ «Խետաֆեի» նախագահ Անխել Տոռեսը համաձայնել է վաճառել ակումբը 100 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Բանակցություններն արդեն սկսվել են։

Fenway Sports Group-ին են պատկանում նաև հայտնի բեյսբոլի թիմը՝ «Բոստոն Ռեդ Սոքսը», և հոկեյի ակումբը՝ «Փիթսբուրգ Փինգուինսը»։

Նախորդ մրցաշրջանում «Խետաֆեն» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 42 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։