«Ռեալի» նորեկը հիմնական թիմին միանալու թույլտվություն դեռ չի ստացել

Մադրիդի «Ռեալի» նոր տաղանդավոր ձեռքբերումը՝ Ֆրանկո Մաստանտուոնոն, առայժմ չի կարող միանալ ակումբի հիմնական թիմին։ Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով լրագրող Ալվարո Էստեբանին (Remontada Blanca), 17-ամյա արգենտինացուն արգելված է մասնակցել թիմային մարզումներին մինչև իր 18-ամյակը։

Ըստ կանոնակարգի՝ Մաստանտուոնոն կարող է մարզվել «Ռեալի» հետ միայն օգոստոսի 14-ից սկսած՝ երբ կդառնա 18 տարեկան։ Մինչ այդ նա պարտավոր է մարզվել անհատապես և չի կարող ներգրավվել Չաբի Ալոնսոյի ղեկավարությամբ ընթացող մարզումներին։ Այս ընթացքում ակումբը կմոնիտորինգի ենթարկի նրա պատրաստվածությունն ու ֆիզիկական վիճակը։

Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 45 միլիոն եվրո։ Մասխանտուոնոն արդեն մեկ խաղ է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականում և ունի 64 խաղ «Ռիվեր Փլեյթի» կազմում՝ 10 գոլով և 7 գոլային փոխանցումով։ Նա գործում է որպես աջ եզրային և կենտրոնական հարձակվող (թիվ 10):

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը կսկսի օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ տնային խաղով։