«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի մասին։
18-ամյա ֆուտբոլիստին հաճախ համեմատում են Լիոնել Մեսսիի հետ, ում Գվարդիոլան լավ է ճանաչում 2008-ից 2012 թվականներին կատալոնական ակումբում միասին անցկացրած ժամանակից։
«Կարծում եմ՝ մենք պետք է թույլ տանք Լամինին գնալ իր սեփական ճանապարհով։ Երբ նա խաղա 15 տարի, կկարողանանք ասել՝ գերազանցե՞լ է նա Մեսսիին, թե՞ ոչ։ Լեոն յուրահատուկ է. մենք խոսում ենք մրցաշրջանում 90 գոլի մասին, ավելի քան 15 տարի՝ առանց անկումների կամ վնասվածքների», – «քաղաքայինների» մարզչի խոսքերն է փոխանցում BarcaTimes-ը։
Լիոնել Մեսսին ներկայումս խաղում է «Ինտեր Մայամիում»։ Հունիսին ութ «Ոսկե գնդակի» դափնեկիրը դարձավ 38 տարեկան։