«Ռեալ Մադրիդը» 33-ամյա պաշտպան Դավիդ Ալաբային առաջարկել է վաղաժամկետ խզել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, վճարելով նրան աշխատավարձի մի մասը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ավստրիացի ֆուտբոլիստը մերժել է «Լոս Բլանկոսի» այս առաջարկը։ Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ իրեն հասանելիք ամբողջ գումարը։
Նշվում է, որ Ալաբան «Արքայական ակումբում» ունի երկրորդ ամենաբարձր աշխատավարձը։ Նրա աշխատավարձը տարեկան կազմում է 22,5 միլիոն եվրո։
Դավիդ Ալաբան «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այդ ընթացքում պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 116 հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։