Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը կարող է վարձակալությամբ փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է ESPN Brasil-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունը քննարկում է 18-ամյա հարձակվողին ժամանակավորապես այլ ակումբ տեղափոխելու հնարավորությունը՝ նրան առավել խաղաժամանակ ապահովելու նպատակով։ Սա կարող է նպաստել Էնդրիկի հարմարվողականությանը եվրոպական ֆուտբոլին։
Սակայն ֆուտբոլիստն ինքը հակված չէ ընդունելու այդ տարբերակը։ Էնդրիկը պատրաստվում է մնալ Մադրիդում և պայքարել թիմում իր տեղը զբաղեցնելու համար։
Նշենք, որ երիտասարդ բրազիլացին «Ռեալին» միացել է 2024 թվականի ամռանը՝ բրազիլական «Պալմեյրասից»։ Իր նորամուտի մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։