ՊՍԺ-ն որոշում է կայացրել Ջանլուիջի Դոննարումայի վերաբերյալ

Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է բաժանվել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայից։ Ինչպես հաղորդում է L’Équipe-ը, փարիզյան ակումբը մտադիր է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը՝ կանխելով Կիլիան Մբապեի դեպքի կրկնությունը։

Հաղորդվում է, որ Դոնարուման մի քանի անգամ մերժել է պայմանագրի երկարաձգման ակումբի առաջարկները։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը, և իտալացին կարող է դառնալ ազատ գործակալ։ Նման իրավիճակ արդեն եղել է ՊՍԺ-ի հետ․ նախորդ տարի Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»՝ առանց փոխհատուցման։

Դոնարումայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք եվրոպական գրանդներ, այդ թվում՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Գերմանիայի չեմպիոն «Բավարիան»։ 2021 թվականի Եվրոպայի չեմպիոնը շարունակում է համարվել իր դիրքի առաջատարներից մեկը։