«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան անդրադարձել է իր չկայացած անցմանը Մադրիդի «Ռեալ»։ Իսպանացին հիշեցրել է, որ 2015 թվականի օգոստոսի 31-ին ամեն ինչ շատ մոտ էր գործարքի ավարտին։
Դե Խեան պետք է միանար «սերուցքայիններին», սակայն գործարքը խափանվեց փաստաթղթերի ուշ ներկայացման պատճառով։ Ըստ մադրիդյան ակումբի՝ պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի» անփութությունն էր, որտեղ դե Խեան խաղում էր այդ պահին։ Մինչդեռ հակառակ կողմը մեղադրեց հենց «Ռեալին»՝ փաստաթղթերն ուշ փոխանցելու մեջ։
«Մի օր, երբ ավարտեմ կարիերաս, մանրամասն կպատմեմ՝ ինչ տեղի ունեցավ։ Բայց կարծում եմ՝ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով։ Ես մնացի Մանչեսթերում, երջանիկ էի այնտեղ։ Դա իմ տունն էր։ Հետագայում Կուրտուան տեղափոխվեց «Ռեալ», և նա հիանալի գործ արեց։ Շատ ուրախ եմ նրա հաջողության համար», – ասել է դե Խեան իտալական Cronache-ին։