Չավի Սիմոնսը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Չելսին» շարունակում է աշխատել թիմի կազմը հզորացնելու ուղղությամբ։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, լոնդոնյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Լայպցիգից» հարձակվողական կիսապաշտպան Չավի Սիմոնսով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» արդեն բանակցություններ է սկսել 22-ամյա Սիմոնսի ներկայացուցիչների հետ։ «Ազնվականները» դեռևս չեն բանակցում «Լայպցիգի» հետ, քանի որ նախ ցանկանում են պարզել, թե հնարավո՞ր է համաձայնության գալ խաղացողի հետ։

«Չելսին» Չավի Սիմոնսի ամենահավանական նոր ակումբն է, չնայած «Արսենալը» նույնպես հետևում է իրավիճակին։ «Բավարիան» չի մասնակցում մրցավազքին, բայց նրա տնօրեն Մաքս Էբերլը տեղյակ է բոլոր իրադարձություններից։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Չավի Սիմոնսին գնահատում է 70 միլիոն եվրո։