«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Խավիեր Էռնանդեսը, առավել հայտնի որպես Չիչարիտո, բախվել է կոշտ քննադատության՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած սեռական խտրականության հայտարարությունների պատճառով։
37-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստը նշել է, թե կանայք «կործանում են տղամարդկայնությունը՝ հասարակությունը դարձնելով հիպերզգայուն»։ Էռնանդեսը, ով 2021 թվականին ամուսնալուծվել է, հավելել է, որ ըստ իրեն՝ կանայք պետք է վերադառնան «ավանդական» դերերին՝ երեխաների դաստիարակության, տան մաքրության և ընտանիքի հոգսերի շրջանակում։
Ֆուտբոլիստի արտահայտությունները լայն արձագանք են ստացել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» բազմաթիվ երկրպագուներ, հանդես են եկել քննադատական մեկնաբանություններով՝ կոչ անելով դատապարտել նախկին խաղացողի կարծիքները։
«Սիրում էի Չիչարիտոյին նրա գոլերի համար, բայց սա անհնար է արդարացնել», – գրել է մի երկրպագու։ Մյուսը հավելել է. «Սա տղամարդկայնություն չէ, սա միսոգինիա է»։ «Նա ջնջեց իր հանդեպ ունեցած ողջ հարգանքը», – եզրափակել է երրորդ օգտատերը։
Այս պահին Չիչարիտոն չի արձագանքել քննադատություններին։