«Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Սաուլ Նիգեսը շուտով կհեռանա հարազատ ակումբից։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ իսպանացին կխզի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ և կշարունակի կարիերան «Տրաբզոնսպորում»։
Թուրքիայի առաջնության ակումբը կարող է կիսապաշտպանին ձեռք բերել արդեն հաջորդ շաբաթ։ Լրագրող Յագիզ Սաբունօղլուն հաղորդում է, որ Սաուլի պայմանագիրը նոր ակումբի հետ կկնքվի չորս տարով։ Սաուլ Նիգեսը «Ատլետիկոյի» հիմնական թիմում խաղում է 2013 թվականից։
Ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 427 խաղ, որոնցում խփել է 48 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։ Սաուլի արժեքը տրանսֆերային շուկայում, ըստ Transfermarkt-ի, կազմում է 3 միլիոն եվրո։