«Նյուքասլի» գլխավոր մարզիչը խոսել է Ալեքսանդր Իսակի հնարավոր տրանսֆերի մասին

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն պատասխանել է այն հարցին, թե ինչու չի թույլատրել հարձակվող Ալեքսանդր Իսակին խաղալ «Սելտիկի» դեմ ընկերական խաղում (0:4), վստահություն հայտնելով, որ ֆուտբոլիստը կմնա ակումբում:

«Դա իմ որոշումն էր: Ես որոշեցի նրան տուն ուղարկել այս բոլոր լուրերի պատճառով։ Վերջին բանը, որ նա ուզում էր, տրիբունաներում նստելն ու խաղը դիտելն էր։ Դա անարդար էր նրա հանդեպ։ Բայց ես վստահ եմ, որ այս տրանսֆերային պատուհանի ավարտին նա կմնա այստեղ», – Հոուի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային «Լիվերպուլի» կողմից շվեդ հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին։

Անցյալ մրցաշրջանում Իսակը մասնակցել է բոլոր մրցաշարերում 42 խաղի, որոնցում խփել է 27 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։