«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պետք է որոշում կայացնի մինչև հուլիսի 24-ը, թե արդյոք կենթարկվի մեջքի վիրահատության, թե ոչ, հայտնում է AS-ը։
Նշվում է, որ մեջքի ցավը խանգարում է 33-ամյա դարպասապահին մարզվել թիմի հետ, ուստի ակումբը պնդում է վիրահատության վրա։ Սակայն ֆուտբոլիստն ինքը չի ցանկանում դա և խնդրել է իրեն ժամանակ տալ՝ համոզվելու համար, թե ինչպես է իրեն զգում։
Բացի այդ, թիմը նկատել է Տեր Շտեգենի անսովոր վարքագիծը արձակուրդից վերադառնալուց հետո։
Մի աղբյուր պնդում է, որ դարպասապահը վերջին մի քանի օրերին շատ տարօրինակ է վարվել՝ բողոքելով ամեն ինչից։ Ենթադրվում է, որ խաղացողի վարքագիծը կարող էր հրահրված լինել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ վերջերս ունեցած զրույցով, որը Տեր Շտեգենին տեղեկացրել էր, որ նա այլևս թիմի հիմնական դարպասապահը չէ։
Դարպասապահը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։