«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն կարող է հայտնվել մեկ այլ անգլիական ակումբում։ Այս մասին հաղորդում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա արգենտինացի վինգերի նկատմամբ։ «Թոշակառուները» նախնական բանակցություններ են վարել հնարավոր գործարքի շուրջ։ Գարնաչոյի շուկայական արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է 2028 թվականի ամռանը։
Անցյալ մրցաշրջանում Ալեխանդրոն անցկացրել է 58 խաղ, խփել 11 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն Գարնաչոյի նկատմամբ «Նապոլիի» հետաքրքրության մասին։