«Լիվերպուլը» հայտարարել է, որ ավտովթարի հետևանքով մահացած հարձակվող Դիոգու Ժոտայի 20 համարի մարզաշապիկը ընդմիշտ կհանվի շրջանառությունից։
Որոշումը կայացվել է ֆուտբոլիստի կնոջ՝ Ռուտե Կարդոսոյի և նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո։
20 համարի մարզաշապիկը այլևս չի տրամադրվի «Լիվերպուլի» կանանց թիմին և ակադեմիայի սաներին։
28-ամյա Ժոտայի և նրա 25-ամյա եղբոր՝ Անդրե Սիլվայի մահվան մասին հայտարարվել է հուլիսի 3-ին։ Նրանք մահացել են Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարի պատճառների վերաբերյալ նախնական զեկույցի համաձայն՝ Ժոտայի վարած մեքենան գերազանցել է թույլատրելի արագությունը։ Առաջ անցնելու ժամանակ մեքենայի անվադողը պայթել է, որից հետո ֆուտբոլիստը կորցրել է կառավարումը։
Դիոգու Ժոտան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Վուլվերհեմփթոնից» 2020 թվականի սեպտեմբերին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 182 խաղ՝ խփելով 65 գոլ և կատարելով 26 գոլային փոխանցում։