«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է այն մասին, թե ինչպես է կատալոնական ակումբում խաղալը տարբերվում «Յուվենտուսի» կազմում խաղալուց, որի գույները նա պաշտպանել է 2017-ից 2024 թվականներին։
««Յուվենտուսում», երբ ես ստացա գնդակը, և պաշտպանը ինձանից հինգ մետր հեռավորության վրա էր, նա մեջքով շրջվեց դեպի ինձ, այսինքն՝ չցանկացավ, որ ես այն փոխանցեմ իրեն։ Այստեղ՝ «Բարսելոնայում», բոլորը ցանկանում են ընդունել գնդակը։ Պեդրին, նույնիսկ յոթ խաղացողներով շրջապատված լինելով, միևնույն է, ցանկանում է գնդակը», – լեհի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 30 խաղում Շչեսնին 14 խաղ է անցկացրել առանց գոլի և Լա Լիգայում ոչ մի պարտություն չի կրել։ Լեհ դարպասապահը կատալոնացիների կազմում հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը, որից հետո երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը։