Փորձառու հայ պաշտպան Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»։ Ինչպես հաղորդում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը, 38-ամյա խաղացողը պայմանագիր է կնքել թիմի հետ։
Մկոյանը երկարամյա կարիերայի ընթացքում հանդես է եկել ինչպես մի շարք հայկական ակումբներում՝ «Շիրակ», «Արարատ», «Ուլիս», «Միկա», «Գանձասար», «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ», այնպես էլ արտասահմանում՝ խաղալով Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 52 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Նշենք, որ «Վանի» նորանշանակ գլխավոր մարզիչը Էդգար Թորոսյանն է։ Բացի այդ, «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը հայտնել էր, որ ակումբի ներկայացուցիչ Վալերի Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ համալրումային աշխատանքները։