Ջանլուիջի Դոննարուման դիմել է հոգեբանի

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման օգնություն է խնդրել հոգեբանից այն բանից հետո, երբ ծանր վնասվածք է հասցրել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, հայտնում է RMC Sport-ը։

Խաղի ընթացքում և հանդերձարանում Դոննարուման երկար զրուցել է ՊՍԺ-ի սպորտային հոգեբան Խոակին Վալդեսի հետ։ Վերջինս ընդմիջման ժամանակ մի քանի անգամ վստահեցրել է դարպասապահին, որ տեղի ունեցածի համար նա մեղավոր չէ։

Այնուամենայնիվ, խաղի ավարտից հետո Դոննարուման մնացել է խորը ընկճված վիճակում։ Նա գրել է Մուսիալային՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով։ Իտալացի դարպասապահը որոշել է կապ հաստատել նրա հետ, քանի որ խաղից հետո «Բավարիայի» հանդերձարան այցելելիս Մուսիալան արդեն տեղափոխվել էր բժշկական հետազոտության։

Մուսիալայի մոտ ախտորոշվել է ձախ սրունքոսկրի կոտրվածք և կապանների վնասվածք։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան չորսից հինգ ամսվա ընթացքում։