Մյունխենի «Բավարիան» շարունակում է ամրապնդել կազմը և, ըստ իսպանական ու գերմանական աղբյուրների, արդեն հասել է համաձայնության Լուիս Դիասի հետ անձնական պայմանագրի շուրջ։ Կոլումբիացի վինգերը պատրաստ է տեղափոխվել Բունդեսլիգա՝ պայմանով, որ «Լիվերպուլն» ընդունի գերմանացիների առաջարկը։
«Բավարիան» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Դիասի տրանսֆերի համար, սակայն գործարքի իրականացմանը խոչընդոտում է անգլիական ակումբի դիրքորոշումը․ «Լիվերպուլը» չի պատրաստվում բաժանվել իր առաջատարներից մեկից, հատկապես հարձակման գծում, որտեղ արդեն տեղի են ունենում կադրային փոփոխություններ։
Դիասի համար պայքարում է նաև «Բարսելոնան», որի համար 28-ամյա ֆուտբոլիստը դարձել է առաջնահերթ թիրախ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի տապալումից հետո։ Կատալոնական ակումբը, սակայն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կարող է հնարավորություն տալ «Բավարիային»՝ գործարքում առաջ անցնել մրցակիցներից։