Կատալոնացի լրագրողը ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է Դենզել Դյումֆրիսին և հարցրել «Բարսելոնա» տեղափոխվելու մասին

Կատալոնացի լրագրող Ժերար Ռոմերոն ուղիղ եթերում զանգահարել է Միլանի «Ինտերի» հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսին և հարցրել «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։

Ֆուտբոլիստը չի պատասխանել այս հարցին՝ քաղաքավարիորեն շնորհակալություն հայտնելով լրագրողին զանգի համար.

«Ես հիմա արձակուրդում եմ, ուստի չեմ կարող խոսել։ Կներեք, շնորհակալություն զանգի համար։ Ցտեսություն», – ասել է ֆուտբոլիստը:

Նախկինում հաղորդվել էր, որ 29-ամյա Դյումֆրիսի շահերը ներկայացնող հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը իր ֆուտբոլիստին առաջարկել է տեղափոխվել «Բարսելոնա», որը նույնպես քննարկում է հոլանդացի ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը:

Նախորդ մրցաշրջանում Դյումֆրիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։