«Ինտերի» նախագահը հայտնել է, թե ում է Լաուտարո Մարտինեսը կոչ արել հեռանալ ակումբից

«Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան հայտնել է, թե ում նկատի ուներ թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, երբ ասաց, որ գոհ չէ բոլոր ֆուտբոլիստների խաղից։

Ավելի վաղ Լաուտարոն հարցազրույցում ասել էր. «Որպես ավագ՝ ես ուզում եմ շարունակել պայքարել մեր նպատակների համար։ Ով ուզում է մնալ, մնում է։ Իսկ ով չի ուզում՝ ցտեսություն»։

«Լաուտարոն նկատի ուներ Հաքան Չալհանօղլուին։ Մենք հաջորդ շաբաթ անմիջապես նրա հետ խոսելու ենք։ Եթե մեր ճանապարհները բաժանվեն, մենք դա կանենք առանց վարանելու։ Լաուտարոն ասել է, որ միշտ պետք է ամբողջ ուժերդ նվիրես թիմին։ Ցանկացած խաղացողի համար, ով ցույց է տալիս, որ ուզում է լքել ակումբը, դռները բաց են», – Մարոտայի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։

Հիշեցնենք, որ Չալհանօղլուն միացել է «Ինտերին» 2021 թվականին՝ տեղափոխվելով «Միլանից»։ Անցյալ մրցաշրջանում խաղացողը մասնակցել է 47 խաղի, որտեղ խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։