Կրիշտիանու Ռոնալդու․ «Անկեղծ ասած՝ այդ աշխատանքն իմը չէ»

Կրիշտիանու Ռոնալդուն, ով ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» կազմում, հայտարարել է, որ խաղային կարիերայից հետո չի պատրաստվում շարունակել որպես մարզիչ։

«Ես սովորական մտածողությամբ մարդ չեմ։ Չեմ ասում, թե ուրիշներից լավն եմ, պարզապես այլ կերպ եմ մտածում։ Անկեղծ ասած՝ մարզչությունը իմը չէ։ Առնվազն առաջիկա 5, 10 կամ նույնիսկ 20 տարում ինձ այդ դերում չեմ պատկերացնում։ Թեև, իհարկե, կյանքում ամեն ինչ կարող է փոխվել», – ասել է պորտուգալացի աստղը ակումբի YouTube ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրին» միացել էր 2023 թվականի հունվարին և վերջերս երկարաձգել է պայմանագիրը մինչև 2027 թվականը։ Իր երկարատև և տպավորիչ կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Ռեալ Մադրիդը» և «Սպորտինգը», հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան ու ստացել «Ոսկե գնդակ» մրցանակը՝ նույնպես հինգ անգամ։