Վինիսիուս Ժունիորի գործակալը մեկնել է ԱՄՆ

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շահերը ներկայացնող գործակալ Ֆրեդերիկո Պենյան ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ «Լոս Բլանկոսը» մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը՝ 24-ամյա ֆուտբոլիստի ապագան քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի գործակալի հանդիպումը «Արքայական ակումբի» ղեկավարության հետ Միացյալ Նահանգներում կարող է վերջինը լինել նոր պայմանագիր կնքելուց առաջ։ Երկու կողմերն էլ մտադիր են շարունակել համագործակցությունը և երկարաձգել աշխատանքային պայմանագիրը մինչև 2030 թվականը։

Ընդգծվում է, որ Վինիսիուսը հանգիստ է «Ռեալում» իր ապագայի հարցում։ Ֆուտբոլիստը գիտակցում է, որ վերջին ամիսներին չի ցուցադրել իր լավագույն խաղը, և այս պահին ցանկանում է որքան հնարավոր է հեռու մնալ ցանկացած կոնֆլիկտից։